Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում. — Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

-Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:

Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
  3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
  4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

գ. — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

դ. — Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:
  2. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:
  3. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու

Оставьте комментарий