Մասնագիտական զարգացում

 
Խոսքի մշակույթ
Ղեկավար՝ Մարիետ Սիմոնյան

 

Ապրիլի 10֊14

Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Թեյլոր Գատո, 1,2,3,4

Խնդրեմ, ինձ պարոն Գատո կոչեք: Քսանվեց տարի առաջ, ավելի լավ ոչ մի տարբերակ
չունենալով, աշխատանքի անցա դպրոցում՝ որպես ուսուցիչ: Դիպլոմումս գրված է, որ ես անգլերենի և գրականության ուսուցիչ եմ, բայց դա ամենևին այն չէ, ինչով զբաղվում եմ:Դասավանդում եմ ոչ թե անգլերեն, այլ սովորեցնում եմ երեխաներին այն, ինչը պետական դպրոցական համակարգը կարևոր և անհրաժեշտ է համարում, և պարգևների եմ արժանանում հենց այդ բնագավառում:
Այս հատվածը կարդալիս ինձ հիշեցի։Տասնչորս տարի առաջ էր, որ եկա կրթահամալիր։ Դիպլոմումս գրված չէ ուսուցիչ (մանկավարժ), բայց, որպես ուսուցիչ եմ աշխատում։ Առաջին տարիներին սկսեցի պրպտել, հարցնել ուսումնասիրել մանկավարժությունը։ Եկավ մի պահ, որ ուզում էի մանկավարժական համալսարն սովորելու գնալ, բայց ինձ կանգնեցրին՝ ասելով, որ ճիշտ որոշում չէ։ 

1-ին առարկա` անհամակարգություն
Ինչ լավ է Ջոն Թեյլոր Գատոն պատմում անհամակարգություն առարկայի մասին։ Ամեն ինչ համակարգված անելը շատ-շատ հեշտ է, այստեղ միակ խնդիրը համակրագելն է։ Արդյոք միշտ ստացվո՞ւմ է համակարգված անել այն ինչ նախատեսել ենք, կարծում եմ, որ այդպես չէ։ Այդ ճանապարհին հանդիպում են շատ բաներ, որոնք «քանդում են համակարգը» և իրերն ու երևույթները այլ կերպ են դասավորվում։
2-րդ առարկա՝ տարանջատում
Տարանջատման արդյունքն այն է, որ յուրաքանչյուր երեխա բուրգի մեջ իր համար որոշված տեղն ունի և միայն պատահականորեն կարող է այդ շրջանից դուրս գալ:
Հակառակ դեպքում նա կմնա այնտեղ, որտեղ իրեն տեղավորել են: Կրթահամալիրում այս խնդիրը լուծվում է սովորողի ընտրած գործունեության խմբերում, երկարացված օրվա ճամբարներում։
3-րդ առարկա՝ անտարբերություն
«Դպրոցական զանգը սովորեցնում է, որ ոչ մի աշխատանք արժանի չէ, որ այն ավարտես, էլ ինչո՞ւ  խորապես մտահոգվես ինչ-որ բանի համար: Զանգով ապրած տարիները սովորեցնում են բոլորին, բացի ամենաուժեղներից, որ աշխարհում ոչինչ չկա, որը կարող է ավելի կարևոր լինել, քան ժամանակացույցին հետևելը: Զանգերը դպրոցական ժամանակի գաղտնի տրամաբանության արտահայտիչն են, դրանց իշխանությունը անժխտելի է: Զանգերը ոչնչացնում են անցյալը և ապագան` դարձնելով բոլոր ընդմիջումները միմյանց նման»։ Ինչ լավ է ասում (հեգնում) Ջոն Թեյլոր Գատոն։ Այս առարկան փոխկապակցված է 1-ին առարկային, կարծես շարունակությունը լինի։ 
4-րդ առարկա՝զգացմունքային կախվածություն
Սովորողները հաճախ են  կախվածության մեջ  ընկնում իրենց ուսուցչից, գնահատականներից։ Հաճախ գնահատականներով կարծես ստիպում են իրենց դատել և սպասել ուսուցչի հավանությանը իրենց ջանքերին։ Արդյունքում ուսուցիչը իշխանություն է ձեռք բերում իր սովորողների վրա։  Հիշում եմ տարիներ առաջ Հանրային ռադիոյում դասարանի սովորողների հետ հաղորդման հյուր էինք, հաղորդավարը հարցրեց, թե ինչ գնահատականներ են ստանում, և որպես պատասխան ստացավ ամենատարբեր թվերը (բացի մեր ինացած 5, 10 կամ 20-ից)։

Ապրիլ 3-10

Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում։ Բորիս Բիմ- Բադ
Դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իրենց խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։

Իրապես, ուսուցիչ, դաստիարակ լինելը մեծ, շատ մեծ պատասխանատվություն է։ Ուսուցիչը, դաստիարակը մի քանի ասպեկտներով են պատասխանատու և’ ֆիզիկական, և’ հոգեբանական, և’ սոցիալական, և’ կրթական (բառի ամենալայն իմաստով)։
Դպրոցականը դասերի գումարից դուրս է բերում տեղեկությունների խճանկարային մի ինքնանպատակ համակցում, ոչ թե աշխարհի պատկերը, քաոս, ոչ թե աշխարհայացք. գրեթե անօգնական մնում կյանքի բարդ, ստեղծագործական կարողություններ պահանջող խնդիրներ լուծելիս։ Դեսից-դենից կցկտուր տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին։

Կրթահամալիրում պատկերն այլ է, հիշում եմ, երբ եկա կրթահամալիր, սիրեցի։ Սիրեցի, որովհետև փոխանցվեց, որ սիրում են և’ սովորողները, և’ ուսուցիչները։ Ընտանիքիս, ընկեր֊բարեկամներիս անընդհատ ասում էր, որ կրթահամալիրը կյանքի դպրոց է, այստեղ սովորում ես ապրելով սովորել։

Դպրոցը, դպրոց֊պարտեզը հասարակության փոքր( գուցե մեծ ու ամենաիրական) մոդելներ են որտեղ ապրում ենք, սովորում ենք, արարում ենք։

Մարտ
Մանկավարժական դիտարկումներ
Ուսուցչի օրագիր։ Պատումներ

Ընթերցում և գրավոր քննարկում՝ Ուսուցչի օրագրից՝
«Ապրումակցային մանկավարժություն» շարքից
«Ապրումակցային մանկավարժություն»
Կետադրություն

Մարտի 21֊31

Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»

Հաջողությունը չի կարող արագ ու հեշտ գալ և չի կարող մշտապես ուղեկցել երեխային:

Խնդիրն այն է, որ «չեմ կարող»-ը վերափոխենք «կարող եմ և կհասնեմ հաջողության»-ով:
Արժե վաղ տարիքից հասկանալ, որ հաջողությունը միշտ չէ, որ գալիս է:

Առաջին մասից առանձնացրեցի այս մտքերը, որոնց հետ երկու ձեռքով համաձայն եմ։ Հաճախ են լինում դեպքեր, երբ սովորողը չի կարողանում, դժվարանում է կամ ձախողում է մի բան, որը աշխատելու դեպքում կհաջողի ու կստացվի։ Կարծում եմ, որ առավել դժվար է այն սովորողներին հաղթահարել սա, ովքեր մինչ դպրոց հաճախելը չեն բախվել նման խնդրի, կամ բախվել, սակակայն ծնողներն են «լուծել» խնդիրը կամ ասել են, որ «ստացվել է»։ Ծնողի, ուսուցչի խնդիրն է փորձով ցույց տալ, որ իսկապես հաջողությունը միշտ չէ, որ գալիս է, «չեմ կարող»-ը վերափոխենք «կարող եմ և կհասնեմ հաջողության»-ով:
«Հաջողությունը» և «անհաջողությունը» մեծերի գաղափարներ են, որոնք փաթաթում ենք երեխաների վզին:

Երեխաները շատ իմաստուն են, եթե լուռ հետևենք իրենց շատ բաներ կսովորենք։

Քայլել սովորռլու, հեծանիվ վարելու օրինակներ էին բերված։ Իմ փորձից ասեմ. մի քանի տարի առաջ կրթահամալիր եկան հեծանիվները, ես էլ վարել չգիտեի։ Մի խումբ ուսուցիչներով գնում էինք հեծանիվ վարել սովորելու, մի խմբի մոտ շատ արագ ստացվեց, ինձ մոտ չէր ստացվում, մտածում էի ընկերներս արդեն սովորել են, եթե այս ընթացքում չկարողացա ուրեմն իմը չէ։ Հետո այլ կերպ սկսեցի մտածել, եթե իրենք կարողացել են, ես էլ կկարողանամ…ու ստացվեց, ես հիմա վարում եմ հեծանիվ։

Լարվածությունը թուլացնելու ձևերից մեկը այն ճանաչելն է: Իմ մաթեմատիկական դասարանի աշակերտներին ասել եմ, որ ինչ-որ բան չլսելու տալ և լռելը նույնն է, որ երկարատև ճամփորդության մեկնելիս կարևոր մի բան մոռանաս անապատում. այսպես թե այնպես ստիպված ես վերադառնալ, և որքան շուտ, այնքան լավ:
Համաձայն եմ նաև այս մտքի հետ, հաճախ եմ ասում, որ եթե խնդիր է առաջացել և գիտակցում ենք այն, ապա պետք է սկսենք լուծել խդիրը, այլապես այն կկորի այլ խնդիրների մեջ և գուցե դառնա «անլուծելի»։

Մարտի 14

Ուսուցչի օրագրից՝

Ինչ լավ է երբ կարդում ես ուսուցչիդ, ավագ ընկերոջդ պատում-հոդվածները։ Մինչ հոդվածների շարքը կարդալը մտածում էի, թե ինչպես եմ գրելու օրագիրս։ Մի քանի օր մտածելուց հետո սկսեցի գրել, թե ինչ է ստացվել ներքևում է ու շարունակելի։ Կարդալով հոդվածների շարքը` զգացի, որ կարծես սրտիցս դուրս եկած լինեն մտքերը․ և՛ ուղղորդող են, և՛ սովորեցնող, և՛ մտածելու տեղիք են տալիս։ Շարքից առանձնացրել եմ մտքեր, որոնք ինձ համար կարծես թևավոր խոսքեր լինեն։

Մանկավարժությունը մասնագիտություն այդպես էլ չկարողացա ընկալել։ Մանկավարժ կրթությա՞մբ են դառնում, ստացած վկայականո՞վ:

Իմ հստակ պատկերացմամբ մանկավարժությունը մարդասիրական մասնագիտություն է, որտեղ ոչ սիրառատ մարդը, անկախ իր մասնագիտական որակներից, անելիք չունի:

Եթե ինչ-որ բան դու քո խնդիրն ես համարում և մեծ ցանկություն ունես լուծելու, ո՞նց պիտի լուծումը չգտնես։

Երբ ուսուցիչ-սովորող հարաբերությունների մեջ մտնում է ապրումակցումը, այդ հարաբերությունները մադկայնացվում են, հեշտանում են, դրանց մեջ նյարդ չի մտնում:
Կրթությունը մարդկայնացման կարիք ունի։ Էնտեղ, որտեղ երեխաներ և պատանիներ են, չի կարող ուրախություն, թեթևություն, ծափ ու ծիծաղ չլինել։

Այո՛, ժամանակն է, որ մենք՝ ուսուցիչներս, դա ընդունենք որպես կայացած իրողություն: Մենք չենք կենտրոնում և գիտելիքի կարևոր աղբյուրն էլ մենք չենք։

Մի՞թե ակնհայտ չէ, որ քննությունները պիտի իրենց տեղը զիջեն ազատ, ստեղծական աշխատանքին։

Օրագիր

Մուտք մանկավարժություն կամ սկիզբը

Երբ ես էի սովորում դպրոցում, անչափ սիրում էի ուսուցիչներիս, դպրոցս, սակայն ուսուցիչ դառնալու մասին չէի երազում ու մտածում: Երբ հասա այն փուլին, որ պետք է մասնագիտություն ընտրեի, ճանապարհն ինձ տարավ Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժինը: Ուսանողական տարիների ընթացքում էլ չէի մտածում դպրոցում աշխատելու մասին, այլ որոտ էր հետաքրքրում: Համալսարանն ավարտելուց հետո սկսեցի աշխատանքային փնտրտուքը․ մի քանի տեղ ինձ փորձեցի, ու… Ու ներսումս մի խլվրտոց մտավ…Եթե դպրոցում աշխատեմ… Էլի ուսուցիչ լինելու մասին չէի մտածում, կարծում էի՝ մասնագիտությամբ կաշխատեմ, կարծում էի՝ չեմ կարող ուսուցիչ լինել, քանի որ չունեմ համապատասխան կրթություն:

Օրերից մի օր ճանապարհն ինձ բերեց Բանգլադեշ՝ Բլեյանի դպրոց («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր): Հանդիպեցի տիկին Աիդային, ու նա ասաց, որ վերապատրաստում է սկսվելու: Ես էլ սիրով մասնակցեցի: էլի ուսուցիչ դառնալու մասին չէի մտածում: Կարծում էի՝ վերապատրաստման ընթացքում կճանաչեմ կրթահամալիրը, կրթահամալիրը կճանաչի ինձ, հետո էլ մասնագիությանս համապատասխան աշխատանքի կանցնեմ: Այսօրվա պես հիշում եմ․ ամեն օր՝ ժամը 13:30-ից 16:00-ն, սկսվում էր վերապատրաստումը: Վերապատրաստվում էի Բ-4 դպրոց-պարտեզում (այժմ Արևմտյան դպրոց-պարտեզ): Կրթահամալիրն իր յուրաքանչյուր բջիջով գրավել էր ինձ (թե՛ մարդիկ, թե՛ ֆիզիկական միջավայրը):

Մի քիչ պատմեմ ֆիզիկական միջավայրի մասին, որ զարմացրել ու գրավել էր ինձ: Բոլոր դռները, բառիս ուղիղ և փոխաբերական իմաստով, թափանցիկ էին ու բաց, տեսանելի ու գրավիչ: Դուռը, որով ներս էինք մտնում դասարան, ապակեպատ էր (իմ հանդիպած մյուս դպրոցներում այդպես չի եղել), հիմա ամեն ինչ էլ ավելի թափանցիկ է:
Լավ, նորից հետ գնամ, վերապատրաստման օրերին կրթահամալիրն այնքան էր դարձել իմը, որ չէի ուզում այնտեղից դուրս գալ: Շրջայցերից մեկի ժամանակ Բ- 4 դպրոց-պարտեզի ղեկավար տիկին Մարիետն ասաց, որ կրթահամալիրի դռները միշտ բաց են, ինձ էլ դա էր պետք: Երբ վերապատրաստումն ավարտվեց, հաջորդող երկուշաբթի օրը ոտքերս ինձ տարան տիկին Մարիետի մոտ: Տիկին Մարիետի հետ զրուցեցի ու իր առաջարկով մասնակցում էի ուսումնական պարապմունքներին: Ինչ հավեսով կրթահամալիրն ու ես գրկեցինք իրար, ձեռք ձեռքի տվեցինք, ու մինչ օրս շարունակում եմ սովորել…